ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մի՛ կրակեք դաշնակահարի վրա, նա նվագում է այնքան, որքան կարող է

Մի՛ կրակեք դաշնակահարի վրա, նա նվագում է այնքան, որքան կարող է
18.09.2009 | 00:00

ՆՎԱԳԵՑԻՆ ՊԱՏՎԻՐՎԱԾ «ՄՈՒԶԻԿԱՅԻ» ՉԱՓՈՎ
Միամտություն կլիներ ինչ-որ բան սպասել մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովից: Ոչ թե այն պատճառով, որ ցանկացած հարց փակելու համար պետք է հանձնաժողով ստեղծել, այլ որ հանձնաժողովը ստեղծվել էր երկու նպատակով, և, ի պատիվ Սամվել Նիկոյանի, այդ նպատակներն իրականացվեցին մինչև վերջ` ցմրուր ու «պատվով»: Չնայած ինքը` պարոն Նիկոյանը, դրանց իրականացման հարցում որևէ լումա չունի:
Իսկ նպատակները հետևյալք էին. հանձնաժողովի կողմից պարտաճանաչ ու պերմանենտ հրավիրվող նիստերով մլուլ տալ, թոզ փչել ԵԽ-ի աչքին, մինչև կգան տաք օրեր, և հայոց նորօրյա իշխանությունները, իրենց ավելի պինդ ու ապահով զգալով, բաց կթողնեն քաղբանտարկյալներին` փակելով մարտի 1-ի հարցը:
Հաջորդ նպատակն առավել տրիվիալ ու ներքին սպառման էր. հանձնաժողովն այն մահակն էր, որով հնարավոր էր լինելու «սանձած» պահել Քոչարյանին և նրա թիմին` նոր խաղեր չտալու համար: Եվ եթե այնպես ստացվեր, որ Քոչարյանի` հոկտեմբերի 27-ով ու մարտի 1-ով անցած բարկ սիրտը, բոլոր դեպքերում, շատ ցանկար «սամալյոտի միս», իմա` իշխանության կարոտին չդիմանար և իրեն հատուկ քայլեր սկսեր անել, ապա նույն հանձնաժողովում Հայկ Հարությունյանի տված ազդանշանը, այն է` եղել է շտաբ, որը գործել է նախագահականում, կսկսեր կատարել իր անհրաժեշտ պտույտը:
Բանը դրան չհասավ, Քոչարյանը բավարարվեց դրսերում արվող որսով և Գյուլի հետ գենետիկ անհամատեղելիության հայտարարությամբ: Ավելին, վերջերս նա Գյուլին առնչվող միտքը կարծես թե մասնակի սրբագրման ենթարկեց (չնայած պաշտոնապես ո՛չ նա, ո՛չ իր գրասենյակը չեն անդրադարձել հայ-թուրքական արձանագրություններին, սպասվող զարգացումներին, ու քանի որ նրա մանկահասակ խոսնակը մեզ հետ չի՜ խոսում, մենք այլևս նրան չենք հեռազնգացնում, թե` «իմալ կեղնի, իմալ կերթանք մըր Էրգիր, լա՛ո»), և, ուրեմն, վերջերս, երբ Սերժ Սարգսյանը Քոչարյանին ասել էր` «վիզկապդ կապի, տեղ տիմ տանիլ հետս» (այո, նկատի ունենք Քոչարյանի մասնակցությունը Ղարաբաղի անկախության տոնին) և, ուրեմն, Ղարաբաղում մշտապես Սերժից մի քանի քայլ հեռու կանգնած, որպես երկրորդ պլանի խաղացող Քոչարյանին լրագրողը երբ հարցրեց` «հը՞, ի՞նչ կասեք, ի՞նչ կա-չկա», վերջինս իր ռետինե դեմքը ձգձգատելով, մի կերպ բառերը պոկելով իր ներսից, ասաց` դեռ ամեն ինչ իր հունով է ընթանում: Դե` մոտավորապես:
Փաստորեն, նույն մարտի 1-ի զեկույցով Քոչարյանին երաշխիքներ տրվեցին, որոնք համերաշխորեն ծածկում են մարտի 1-ի էջը, և որ «ամեն ինչի մեղավորն էն անիրավ Նիկոլն ու Լևոն Զուրաբյանն են»:
Դրա դիմաց գուցե իսկապե՞ս Քոչարյանն անկանոն շարժումներ այս փուլում չանի:
Շտապեցին, թե ոչ օրվա իշխանությունները` Քոչարյանին հանգստացնելու առումով, իհարկե, ցույց կտա ժամանակը, մանավանդ որ չկա նաև այդ օրվա գլխավոր վկան` Գրիշա Սարգսյանը:
Իսկ մարտի 1-ի հանձնաժողովից պետք չէ նեղանալ. նրանք նվագեցին պատվիրված «մուզիկայի» չափով:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1990

Մեկնաբանություններ